16 մայիսի 2005 - 11:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-Ի ՀԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
«Մենք մտադիր ենք խորացնել մեր փոխգործակցությունը Եվրամիության հետ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունենալով այսօր Վարշավայում ընթացող Եվրոպայի Խորհրդի երրորդ Գագաթնաժողովում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Մեզ համար դա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները ԵՄ հովանավորության ներքո շարունակելու հնարավորություն է: Մենք զգում ենք մեզ որպես ընդհանուր Եվրոպայի մի մասը: Մեր մշակութային ժառանգությունը հանդիսանում է եվրոպական մշակույթի մի մասը: Մենք իրականացնում ենք բարեփոխումները` ելնելով մեր պետության ներքին պահանջներից, եւ ոչ թե հանուն այն բանի, որպեսզի մեզ գովաբանեն»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ կավարտվի Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը: «Դա բարդ, սակայն բարեփոխումների արդյունավետ գործընթաց էր, որը ստացավ հասարակության լայն շերտերի աջակցությունը»,- ավելացրել է նա: