20 նոյեմբերի 2012 - 12:13 AMT
Անկարան և Բաքուն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան հայկական բեռների տեղափոխում Աբխազիայի երկաթուղով

Ներկա պահին քաղաքական գործիչների և փորձագետների շրջանում քննարկվում են մի շարք հարցեր, որոնց լուծումը կարող է նպաստել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է Կովկասագետների գիտական հանրության նախագահ, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը: Նրա կարծիքով, այս խնդրի շուրջ բանավեճը սկսվել է մինչև Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը, դրանից հետո այն զգալի ակտիվացել է: Ակնհայտ է, որ առաջիկայում եթե զգալի արդյունքներ ձեռք չբերվեն երկկողմանի հարաբերությունների կարգավորման առումով, ապա բաց կթողնվեն շատ հնարավորություններ:

Ժամանակի հետ ընդդիմության հաղթանակի ազդեցությունը կնվազի և գործընթացը սկսելն ավելի բարդ կլինի:

«Աբխազական հատվածով երկաթուղու վերականգնումն ակնհայտ ապացույց կլիներ, որ «գործընթացը սկսվել է». չէ որ դա ենթադրում է վրացական ապրանքների համար ռուսական շուկայի բացում: Իսկ շուկայի բացման և տնտեսական կապերի վերականգնման տրամանաբանական շարունակությունը կդառնա դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը:

Սակայն ստեղծված իրողությունները թույլ չեն տալիս հուսալ, որ ամեն ինչ տեղի կունենա արագ և հեշտ:

Վրաց-ռուսական հարաբերություններում առկա են Աբխազիան և Հարավային Օսեթիան, և բավական դժվար կլինի նրանց զատել երկկողմ հարաբերություններից: Բանը միայն քաղաքականության մեջ չէ. հասկանալի է, որ Ռուսաստանը չի հրաժարվի ճանաչումից, իսկ Վրաստանը չի ճանաչի: Նույնիսկ տեխնիկապես Վրաստանը և Ռուսաստանը չեն կարող գործարկել ճանապարհն առանց աբխազական իշխանությունների հետ պայմանավորվածության, իսկ նրանք հազիվ թե իրենց համաձայնությունը տան առանց Թբիլիսիի կողմից իրական զիջումների: Նոր վրացական կառավարությունը չի կարող իրեն դնել քաղաքական հակառակորդների հարվածի տակ և հազիվ թե մեծ զիջողականություն հանդես բերի, այդ փակուղային իրավիճակից ելք առայժմ չի երևում»,- նշել է ռուս փորձագետը:

Միաժամանակ, Կրիլովը կարծում է, որ երկկողմ հարաբերությունների ձևաչափի հետ խնդիրը բարդանում է տարածաշրջանային իրողություններից ելնելով` Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի դաշնակցային հարաբերություններով: Ակնհայտ է, որ Անկարան և Բաքուն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան Աբխազիայի տարածքով երկաթուղով հայկական բեռների տեղափոխում: Դա ավելի հեշտ է անել`արգելափակելով այն վերագործարկելու փորձերը:

«Թեև Հայաստանը հնարավորություն ունի գործարկել այս խնդրի լուծման մեջ հայկական սփյուռքի պոտենցիալը, սակայն այդ պոտենցիալն այդքան կշիռ չունի, որպեսզի ԱՄՆ-ն և Եվրամիությունն աջակցեն երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը: Ստեղծված իրավիճակում հազիվ թե կարելի է հույսը դնել Աբխազիայի տարածքով երկաթուղու շուտափույթ վերագործարկման վրա»,- ասել է նա: