Սիրիայում կատարվող դեպքերը վտանգում են Իրանի արտաքին քաղաքական շահերը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Այն, ինչ կատարվում է Սիրիայում, բոլորովին նման չէ այն քաղաքական շարժումներին, որոնք տեղ գտան և հաղթեցին Եգիպտոսում, Լիբիայում:
Հատկապես գաղափարախոսական իմաստով այդ գործընթացները բոլորովին տարբեր են, և դժվար թե ճիշտ լինի արաբական գարնան շարունակություն ակնկալել Սիրիայում»,- նշեց նա:
Պատգամավորը շեշտեց, որ Սիրիայում դեպքերի զարգացման կանխատեսումներ կատարելը շատ ավելի դժվար է Ասադի հեռանալու հարցի առնչությամբ: «Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս չի հերքում Սիրիայում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, բայց հստակ հայտարարում է, որ այդ գործընթացը պետք է կատարվի բացառապես ներքին ուժերի կազմակերպման, այլ ոչ թե արտաքին լծակների գործադրման արդյունքում»,- ասաց Խանլարյանը: