19 մայիսի 2005 - 07:22 AMT
ՅՈՒ.ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԹԱՆ Է ՏՎԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները դրական են գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ուղիղ բանակցությունների հերթական ռաունդը, որը կայացել է մայիսի 15-ին Վարշավայում: Այս մասին հայտարարել է ՄԽ Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մերզլյակովը, տեղեկացնում է ադրբեջանակաան «Թրենդ» գործակալությունը: «Ըստ մեզ` այն քաղաքական խթան է տվել հետագա բանակցություններին: Դա շատ կարեւոր է, դրանք կշարունակվեն այն ուղղությամբ, որը տվել են նախագահներն իրենց քննարկումներով: Այնպես որ կձգտենք հարվածել այդ կետին եւ հուսալ, որ այդ մեզ մոտ կստացվի»,- ասել է նա: Պատասխանելով Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո նրանց հանրագումարային հայտարարությամբ հանդես գալու հրաժարման մասին հարցին` համանախագահը նշել է, որ «դա նրանց իրավունքն է»: «Դա չի ասում այն մասին, որ նրանք ասելու ոչինչ չունեն: Ընդհակառակը` նրանք ունեն ասելիք: Ես վախենում եմ, որ նրանք շատ բան էին ցանկանում ասել, սակայն առայժմ չեն կարողացել: Նրանք, ի տարբերություն նախկին հանդիպումների, ասելիք ունեն եւ այդ պատճառով նրանք որոշել են ոչինչ չասել»,- ավելացրել է Յու.Մերզլյակովը: Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը` իբրեւ թե Հայաստանը պատրաստ է ազատել ադրբեջանական յոթ շրջան` համանախագահն ասել է. «Դատելով այն ամենը, ինչ ասել է նախարարը, նա այդպես որոշակի չի հայտարարել. դա արդեն լրագրողների մեկնաբանություններն են: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը պատրաստ է: Քննարկվում է զորքերի դուրսբերման հարցը: Եվ այդ սկզբունքը կասկածի տակ չի առնվում հայկական կողմից, որ Լեռնային Ղարաբաղին մերձակա շրջաններից հայկական զորքերը դուրս պետք է բերվեն: Սակայն առայժմ վերջնական պայմանավորվածություն չկա, ասենք, պայմանների, դուրսբերման կարգի, ժամկետների, ընդհանուր առմամբ մանրամասների վերաբերյալ»: Դիվանագետի խոսքերով` զորքերի դուրսբերման հարցը «վաղվա կամ էլ մյուսօրվա հարց չէ»: