19 մայիսի 2005 - 08:18 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Ապրիլի 23-ին Սանկտ Պետերբուրգում անձրեւում էր, սակայն վատ եղենակը չխանգարեց մի քանի հարյուր հայերի հավաքվել Հայ առաքելական եկեղեցու բակում կազմակերպված թատերականացված բեմադրությանը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Երիտասարդությունը կատարում էր Ցեղասպանության մասին երգեր, իսկ «Նաիրի» պարային համույթը փորձեց պարային բեմադրության միջոցով հավաքվածներին ներկայացնել 1915 թվականի ողբերգության սարսափը: Հոգեւորական Տեր Սարգիսի «Հայր մերը» կարդալուց հետո, անձրեւին ի պատասխան երկինք բարձրացան հարյուրավոր սեւ փուչիկներ: Ապրիլի 24-ի առավոտյան եկեղեցում մատուցվեց սգո պատարագ, որից հետո բակի խաչքարին ծաղկեպսակներ դրվեցին: Ժամը 13:00-ին այնտեղ էլ հենց սկսվեց հանրահավաքը: «Միակ բանը, որ մենք խնդրում ենք` դա ապաշխարհությունն է». այս խոսքերը գրված էին որպես կարգախոս եւ կոչ են ողջ աշխարհի հայ երիտասարդությանը` Հայոց ցեղասպանության մասին: Նույն օրն էլ ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Հայ առաքելական եկեղեցու, Տարածաշրջանային հայկական ազգային մշակությաին ինքնավարության կողմից կազմակերպվել է «Հուշի երեկո» : Բացի համերգային մասից, միջանցքում կազմակերպվել էր «XX դարի առաջին ցեղասպանությունը» վավերագրական ցուցահանդեսը, որը ներկայացրել էր «Սանկտ Պետերբուրգի հայկական հայրենակցություն» տարածաշրջանային երիտասարդական հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսը բերվել էր հատուկ տվյալ միջոցառման համար` Երեւանում գտնվող «Ծիծեռնակաբերդի» ցեղասպանության զոհերի հիշատակի թանգարանից: Այնտեղ ընդգրկված էին լուսանկարներ, իրադարձությունների համառոտ ժամանակագրական էքսկուրս, ականատեսների պատմություններ չորս լեզուներով (հայերեն, ռուսերեն,անգլերեն,ֆրանսերեն):