22 նոյեմբերի 2012 - 10:01 AMT
«Ժողովուրդ». Ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի դեմ այդպես էլ քրեական գործ չհարուցվեց

Այս տարվա փետրվարին կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանը: Պատճառն այն էր, որ նա զենք-զինամթերք էր վաճառել ՈԶ-ից: Սակայն գլխավոր դերակատարները՝ Գ. Գաբրիելյանն ու նրա հետ համագործակցած ՀՀ ՊՆ դեռևս անհայտ պաշտոնյան, այդպես էլ մնացին անպատիժ:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Գաբրիելյանը ՊՆ-ին է վաճառել մեծաքանակ փամփուշտներ և, որպեսզի կասկածներ չհարուցվեն, ասել է, թե «վերևներին ասա՛, Վրաստանից են բերել»: Ուշագրավն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող գործն այդպես էլ այս դրվագի վրա ուշադրություն չի դարձրել:

«Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնել են, թե Վ. Մանուկյանի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Իսկ Գ. Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործ ՀՔԾ-ում չի էլ հարուցվել»,-գրում է թերթը: