22 նոյեմբերի 2012 - 19:01 AMT
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովին

Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը Հայաստան է ժամանել «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության հրավերով՝ մասնակցելու իր՝ «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի առաջին հատորի շնորհանդեսին: Գիրքը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերի հայոց պատմության չափածո շարադրանք է՝ հիմնված հայոց պատմիչների աշխատությունների վրա: Ընթացքի մեջ են երկրորդ և երրորդ հատորների տպագրման աշխատանքները:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հյուրի հետաքրքրությունն ու կատարած աշխատանքը հայոց պատմության ու քաղաքակրթության ուսումնասիրության գործում: Ռաֆայիլ Զինուրովը դժվարացել է նշել, թե իր վերաբերմունքն ու հիացմունքը հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու ներկայի, նրա մշակույթի հանդեպ երբ է ձևավորվել:

«Հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի ոչ միայն համաշխարհային մշակույթի, այլև ընդհանրապես մարդկության պատմության ձեւավորման գործում. ավելին՝ այդ պատմությունը համամարդկային պատմության ամենակարևոր օղակներից է», - ասել է Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը:

«Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի խոսքով Ռաֆայիլ Զինուրովը նաև հայ ժողովրդի մեծ բարեկամն է, ով ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի հայկական համայնքի բոլոր կարեւոր միջոցառումներին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությանը, երկու խորհրդարանների կառուցվածքին ու գործունեությանը, ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Twitter սոցիալական ցանցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական քարոզչությանը, հայտնել արդեն տարածված տեսակետը: