Նախօրեին ՀՀԿ-ի ջանքերով Աժ արտահերթ նիստի տապալման հարցով ՀԱԿ խմբակցությունը կդիմի ՍԴ, քանի որ այդպիսով խախտվել է Սահմանադրության 70-րդ հոդվածը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքերը։
«Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նույն խնդրով երեկ արդեն դիմել է Աժ Էթիկայի հանձնաժողով: Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացած մյուս երկու խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը», երեկվա դրությամբ չէին կողմնորոշվել, թե ինչ են անելու: Սակայն, որպեսզի Հայ ազգային կոնգրեսը կարողանա դիմել Սահմանադրական դատարան, դիմումի տակ, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն, պետք է ստորագրի Աժ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը: Քանի որ Կոնգրեսից Ազգային ժողովում ներկայացված է յոթ պատգամավոր, անհրաժեշտ է ևս քսան խորհրդարանական գործընկերների ստորագրություն: Երեկ մեր թղթակիցը պարզել է, որ առայժմ Աժ ՀԱԿ խմբակցության դիմումի տակ ստորագրելու որոշում չեն կայացրել ո´չ «Ժառանգությունը», ո´չ ԲՀԿ-ն և ո´չ էլ՝ Դաշնակցությունը»,- գրում է «Հայկական ժամանակը»։