24 մայիսի 2005 - 07:44 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԱՐՔ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
«Ղարաբաղյան հարցի շուրջ ցանկացած գործարք, ճնշում եւ շանտաժ բացարձակ անընդունելի է թե հայ, եւ թե, հուսով ենք, ադրբեջանական ժողովուրդների համար»,- ասվում է հայկական ինտերնետ ռեսուրսների ներկայացուցիչների Պրագայի բանակցային գործընթացի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ համատեղ հայտարարությունում: Այնտեղ, մասնավորապես, նշվում է. «Իր ապագան որոշելու իրավունքն ամբողջովին պատկանում է բացառապես տվյալ տարածքում բնակվող մարդկանց` հայերին եւ ադրբեջանցիներին: Նույնիսկ պետությունների ղեկավարների կողմից ընդունված եւ վավերացված որոշումներն առանց տեղի բնակիչների կարծիքը հաշվի առնելու լեգիտիմ չեն լինի եւ կատարման ենթակա չեն: Մենք երախտագիտություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներին, որոնք, չնայած իրենց հասցեին ժամանակ առ ժամանակ հնչող քննադատությանը, շարունակում են ջանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ առնչությամբ մենք ողջունում ենք Պրագայի բանակցային գործընթացը եւ հուսով ենք, որ դրա ընթացքում կգտնվեն ղարաբաղյան հարցի փոխընդունելի եւ արդար լուծումներ, որոնք լավագույնս հաշվի կառնեն հակամարտության բոլոր կողմերի շահերը: Մենք գտնում ենք, որ բանակցային գործընթացը ձգձգվում է, եւ դրանում մեղավոր են ոչ թե Մինսկին խմբի միջնորդ-համանախագահները, այլ բանակցող կողմերը: Մասնավորապես, Ադրբեջանը հրաժավում է բանակցությունների սեղանի շուրջ նստել արցախյան ժողովրդի ներկայացուցիչների հետ, բազմիցս եւ հրապարակայնորեն մերժում է ցանկացած զիջում հայկական կողմին: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն ամբողջովին խրվել է պատերազմի, հայավախության պրոպագանդայում եւ ռասիզմում, դրանով իսկ խախտելով միջազգային եւ սեփական օրենքների մի ամբողջ շարք: Բաքվի սանձազերծ մարդատյաց հակահայկական պրոպագանդան սեփական ժողովրդին հասցրել է նրան, որ ադրբեջանցի սպան կացնահարում է քնած հային հեռավոր Բուդապեշտում եւ միանգամից դառնում ազգային հերոս Ադրբեջանի շատ քաղաքացիների աչքում: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների բնավորության առանձնահատկություններից են դարձել անպատասխանատու հրապարակային հայտարարությունները եւ ուղղակի կործանարար սուտը, որոնցով կրկին աչքի ընկավ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը` ներկայացնելով Վարշավայում կայացած բանակցությունները որպես Հայաստանի փաստական կապիտուլյացիա: Հայկական կողմը նույնպես թույլ է տվել մի շարք սխալներ, որոնք բերում էին կարգավորման ձգձգման, մասնավորապես, Հայաստանը մինչեւ վերջերս հույս ուներ, որ ներկայիս ստատուս-քվոի պահպանումը կարող է թույլ տալ նվազեցելու հակամարտության լարվածությունը: Սակայն այդ սխալներն անհամեմատել են Ադրբեջանի անկառուցողական դիրքորոշման հետ, եւ եթե Հայաստանը բազմիցս հայտարարել է փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին, ապա Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հրաժարվել հայկական կողմին արվելիք որեւէ զիջման գաղափարից: Տվյալ իրավիճակում ամենակառուցողականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումն է, որը պատրաստ է փոխզիջումների, որպեսզի երաշխավորի արցախյան ժողովրդին մարդու իրավունքներից ամենահիմնականը` ազատության եւ անվտանգության իրավունքը: Այդ կապակցությամբ մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին, միջնորդներին, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրությանը` ցուցաբերել վճռականություն, սկզբունքայնություն եւ պատասխանատվություն, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշում ընդունելիս ղեկավարվել վերը նշված սկզբունքներով: Մենք վստահ ենք, որ հատկապես դրանք կարող են դասռնալ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ արդար եւ ամուր խաղաղության միակ հիմքը»: Հայտարարությունն ամբողջությամբ կարդացեք http: // www.panarmenian.net/library/rus//?id=67 հասցեով: