28 նոյեմբերի 2012 - 14:41 AMT
Վազգեն Սաֆարյանը երկրի տնտեսությունը կապում է մետաղագործական կոմբինատի և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հետ

Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը դրական տեղաշարժեր է տեսնում 2013-ի Հայաստանի պետական բյուջեի նախագծում, սակայն կոչ է անում երկրի իշխանություններին արմատապես փոխել տնտեսական քաղաքականությունը: «Ամեն տարի պետբյուջեի ծախսերը 100 մլրդ դրամով ավելացնելը ելք չէ տնտեսության աճ ապահովելու համար, դրա համար մենք պետք է շատ տարիներ սպասենք»,- նոյեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Վազգեն Սաֆարյանն ուշադրություն է դարձել արդյունաբերության ոլորտին, որը Հայաստանի կառավարությունը հայտարարել է գերակա ուղղություն: Այդ ոլորտը զարգացնելու և կայուն աճ ապահովելու համար մասնագետն առանձնացրել է մի քանի ուղղություններ: Առաջին հերթին, նրա խոսքով, պլանավորվում է ստեղծել հատուկ վարկային գործակալություն, որն իր վրա կվերցնի արտահանողների ռիսկերը: Այնուհետև Սաֆարյանը կարևորել է, որպեսզի «Նաիրիտ» քիմիական գործարանն անպայման աշխատի, ինչպես նաև քիմիական-մետաղագործական կոմբինատի ստեղծման անհրաժեշտությունը, որը կվերամշակի պոչամբարներում կուտակված թափոնները: «Դա թույլ կտա Հայաստանին արտահանել ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք»,- ասել է նա:

Նման կոմբինատի կառուցման համար կպահանջվի շուրջ 1.5 մլրդ դոլար, բայց դա կարդարացվի միայն այն դեպքում, եթե կառուցվի 2 մլրդ դոլար արժողությամբ Իրան-Հայաստան երկաթուղին: Վազգեն Սաֆարյանը համոզված է, որ 2-3 տարի անց կոմբինատը կստանա 2 մլրդ դոլար շահույթ: «Մենք առայժմ կոնկրետ հաշվարկներ չունենք այդ կոմբինատի աշխատանքի վերաբերյալ, բայց Հայրենական արտադրողների միությունը մտադիր է կառավարության դիտարկմանը ներկայացնել մի շարք առաջարկներ քիմիական արդյունաբերության զարգացման վերաբերյալ»,- հավելել է նա: