26 մայիսի 2005 - 09:31 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՈՉ ՈՔ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԵՐԻՆ
«Վրաստանի ռուսական ռազմակայանների մի մասը Հայաստան տեղափոխելու մասին խոսակցությունները վաղաժամ են, քանի որ որեւէ կոնկրետ որոշումներ այդ առնչությամբ չեն կայացվել»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Oսկանյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, նման որոշում կարող են կայացնել միայն Հայաստանն ու Ռուսաստանը: «Երկու երկրները ղեկավարվում են երկու հիմնական փաստաթղթերով` ռազմական համագործակցության եւ Հայաստանում ռուսական ռազմակայնների տեղակայման մասին երկկողմ պայմանագրով, ինչպես նաեւ Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրով նախատեսված պարտավորություններով եւ քվոտաներով: Եթե մեր որոշումները տեղավորվեն այդ երկու փաստաթղթերի շրջանակներում, ապա ոչ ոք իրավասու չի լինի միջամտելու Հայաստանի եւ Ռուսաստանի գործերին»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նշենք, որ Ռուսաստանն ու Վրաստանը գործնականում համաձայնության են եկել Ախալքալաքում (Սամցխե Ջավախք) եւ Բաթումում տեղակայված ռուսական ռազմակայանների ճակատագրի վերաբերյալ: Այն տեղեկատվության կապակցությամբ, որ կայանների մի մասը կարող են տեղափոխվել Հայաստան, պաշտոնական բողոք է հայտնել Բաքուն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: