28 նոյեմբերի 2012 - 16:04 AMT
Կիրո Մանոյան. Հայ համայնքը, անկախ որևէ մեկի ցանկությունից, մնալու է Սիրիայում

Սիրիայի հայ համայնքի մեծ մասը շարունակում է մնալ Սիրիայում: Ըստ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի՝ այս մարդիկ չեն ցանկանում լքել իրենց տները և հայ համայնքը անկախ որևէ մեկի ցանկությունից մնալու է Սիրիայում: «Պետք է ամեն կերպ օգնել մնացողներին, իսկ Սիրիայից մեկնողներին տարբեր միջոցներով խրախուսել և այնպես անել, որ գան Հայաստան: Հայաստան եկողներին էլ պետք է աջակցել, որպեսզի նրանք էլ մնան Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կիրո Մանոյանը: Հայաստան եկած սիրիահայերի համար, ըստ Կիրո Մանոյանի, կառավարությունը, ընդհանուր առմամբ, բավարար պայմաններ ստեղծել է և արել է հնարավորը: Կիրո Մանոյանը նաև նկատեց, որ Սիրիայում հայ համայնքի գոյությունը հազար տարվա պատմություն ունի: Սիրիահայերը նմանատիպ շատ փոփոխություններ են տեսել: Եվ, որ ամենակարևորն է, առ այսօր հայ համայնքը թիրախ չի եղել, իսկ կորուստները եղել են որպես մաս ընդհանուր իրավիճակի:

Անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին՝ Կիրո Մանոյանը նկատեց, որ ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը չեն կարողացել որևէ արդյունքի հասնել և խնդրի հանգուցալուծումն ու վերջը դեռ չեն երևում: