29 նոյեմբերի 2012 - 16:48 AMT
Յուրիկ Միքայելյանը դուրս մնաց երիտասարդների բռնցքամարտի ԱԱ առաջնությունից

Երևանում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մինչև 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Միքայելյանը դուրս մնաց հետագա պայքարից: Նախնական փուլում նա հանդիպեց Գերմանիայի ներկայացուցիչ Աբաս Բառաուին: Առաջին ռաունդն անցավ շատ ակտիվ պայքարում: Բռնցքամարտիկները երկուստեք հարվածներ հասցրին միմյանց, վաստակելով վեցական միավոր: Երկրորդ ռաունդում Գերմանիայի բռնցքամարտիկն ավելացրեց առավելությունը, հաշիվը դարձնելով 14/10: Վճռորոշ 3-րդ ռաունդում Միքայելյանը փորձեց ակտիվություն մտցնել իր գործողություններում, սակայն արդյունքում պարտվեց 14/22 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից: Մինչ այդ, 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տարոն Սողոմոնյանը հաղթեց ադրբեջանցի Նասրադին Մամադովին:

Այսօր հայ բռցնքամարտիկներից ելույթ կունենան նաև Հայրիկ Նազարյանը (49 կգ) և Գոռ Երիցյանը (64 կգ):