27 մայիսի 2005 - 08:41 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇՔԱՆՇԱՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը Շառլ Ազնավուրին է հանձնել ՀՀ բարձրագույն պարգեւը` Հայրենիքի շքանշանը: Ընդ որում, Հայաստանի նախագահը նշել է, որ այն եւս մեկ հավաստիք է հայ ժողովրդի` իր մեծ հայրենակցի հանդեպ ունեցած սիրո ու երախտիքի: Իր հերթին աշխարհահռչակ երգիչը նախագահին է հանձնել հայերեն հնագույն ձեռագիր մի մատյան, որը նա գնել է աճուրդում: Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը զրուցել են Հայաստանի առաջընթացի, սփյուռքի հետ կապերի եւ մշակույթի մասին: Ազնավուրն իր տպավորություններն է հայտնել Երեւանից, ասելով, թե հաճելիորեն զարմացած է կատարված փոփոխություններից ու տիրող աշխուժությունից: Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ մասնակցությունը մայիսյան տոնակատարություններին ու այցելությունները տեսարժան վայրեր բազում հաճելի պահեր կպարգեւեն մեր մեծ հայրենակցին: