30 նոյեմբերի 2012 - 13:05 AMT
Քաղաքագետ. Եթե Ադրբեջանը պատրաստ լինի պատերազմի, նա չի սպասի Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը

Եթե Ադրբեջանն իրոք պատրաստ լինի պատերազմի, նա չի սպասի Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Պատերազմի սպառնալիքներն ընդամենը գործիք են սեփական արտաքին քաղաքական շահերը պաշտպանելու համար: Իրադրությունն առանց այդ էլ պատերազմական է. ամեն օր սահմանին կրակ են արձակում, և Ադրբեջանը պատրաստ լինելու դեպքում վաղուց արդեն սկսած կլիներ պատերազմը»,- նշեց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան` քաղաքագետը նշեց, որ այդ այցը նախորդներից որևէ բանով չի տարբերվել: «Նրանք հանդիպումներ ունեցան Ստեփանակերտում, Երևանում և Բաքվում, ամեն տեղ ձեռք բերեցին պայմանավորվածություններ` նախարարների մակարդակով բանակցային գործընթացը շարունակելու մասին:

Ստացվում է` նախագահների մակարդակով պայմանավորվածություն ձեռք չի բերվել, և ակնհայտ է, որ բանակցային գործընթացն այժմ փաստացի փակուղու մեջ է»,- ասաց նա` հավելելով, որ, այնումանենայնիվ, Մինսկի խումբը կատարում է իր գլխավոր գործառույթը` պատերազմի կանխումը: