ԼՂ բանակցային գործընթացում որևէ տեղաշարժ չկա, եկող տարի էլ այդ տեղաշարժը քիչ հավանական է: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց և նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, այցելելով տարածաշրջան, ցույց էին տալիս, որ շարունակելու են իրենց առաքելությունը՝ անկախ աշնան սկզբին Ադրբեջանի արած քայլերից ու սաֆարովյան դեպքերից: «Դեռևս չկա այն առաջարկը, որն ընդունելի կլինի կողմերի համար և շրջադարձ կապահովի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ոչ պատերազմական, ոչ խաղաղ վիճակը շարունակվելու է»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:
Նա նաև նկատեց, որ համանախագահների այս այցը հնարավորություն էր նրանց պետություններին ևս մեկ անգամ հասցնել այն փաստը, որ որևէ կարգավիճակով Արցախը Ադրբեջանի կազմում հայտնվել չի կարող: Նա նաև նկատեց, որ Ադրբեջանը վերջին շրջանում, իր վարած քաղաքականության պատճառով, լրջորեն վնասել է իր իմիջը: