30 նոյեմբերի 2012 - 14:52 AMT
Մարտի 1-ի դեպքերը դասագրքերում պետք է ներկայացնել առանց վերաբերմունք ցույց տալու, ասում են բանասերները

4 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, որի հիշողությունը թարմ է, պետք չէ վերլուծել և ներառել պատմության դասագրքի մեջ:

Անդրադառնալով վերջերս հրատարակված և մեծ աղմուկի պատճառ դարձած պատմության բուհական դասագրքին, նման տեսակետ հայտնեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա կարծիքով՝ դասագրքերում պարզապես պետք է նշել, որ 2008 թ-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որից հետո տեղի են ունեցել բախումներ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակությամբ լույս տեսած պատմության բուհական դասագրքում մարտի 1-ը ներկայացվել է որպես խուլիգանություն, իսկ մասնակիցներն` ագրեսորներ:

Գյուրջինյանը կարծում է, որ Մարտի 1-ի մասին կարծիքները հակադիր են, և լավ կլինի, որ դա քննարկվի դասապրոցեսի ժամանակ, մանավանդ, որ կան դեպքի ականատեսներ:

Բանասեր Դավիթ Գասպարյանն ընդհանրապես գտնում է, որ եթե նյութը խոսակցությունների առիթ է տալիս, արդեն միանշանակ չէ: Դրա համար, ըստ գիտնականի, դեպքը պետք է ներկայացնել առանց վերաբերմունք ցույց տալու:

Հիշեցնենք, որ 2008թ փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրհավաք` այդ կերպ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելով:

Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ են եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև:

Գլխավոր դատախազության տվկալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10 մարդ: