30 մայիսի 2005 - 07:59 AMT
ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԺԳՈՀ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻՑ
Վենետիկի հանձնաժողովը գնահատել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2005թվականի մայիսի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը հայտնել են Եվրախորհրդի երեւանյան գրասենյակում: Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբն իր խորին անբավարարվածությունն է արտահայտել այս փաստաթղթի կապակցությամբ, քանի որ Հանձնաժողովի մեկնաբանությունների մեծ մասը նախագծում չեն ներառվել, մասնավորապես` նախագահի եւ խորհրդարանի իշխանությունների միջեւ հավասարակշռությանը (ինչն առավել ուժեղ դեր էր ենթադրում ՀՀ ԱԺ-ի համար), դատական համակարգի անկախությանը եւ Երեւանի քաղաքապետի ընտրությանը (նախագահի կողմից նշանակման փոխարեն) վերաբերող առաջարկները: «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է արմատականորեն վերանայվի մինչեւ երկրորդ ընթերցմամբ ընդունվելը»,- հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Կաարլո Տուորին Ֆինլանդիայից: Աշխատանքային խմբի անդամները նույնպես հայտարարել են, որ եթե փաստաթուղթն ամբողջովին չարտացոլի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը Հայաստանին չի մոտեցնի եվրոպական արժեքներին եւ չի նպաստի հետագա եվրոպական ինտեգրման նպատակի իրականացմանը: Աշխատանքային խմբի ներկայացուցիչները հունիսի 2-ին կժամանեն Հայաստան` Հայաստանի իշխանությունների հետ վերոհիշյալ խնդիրները քննարկելու նպատակով: