Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Մատենադարանում հանդիպել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Իր խոսքում եվրոպացի պաշտոնյան անդրադարձել է քաղաքացիական հասարակության` որպես բարեփոխումների պաշտպանի դերին:
«Դուք փոխանցում եք հասարակության կարծիքը և կառավարության առաջընթացը վերահսկող մարմինն եք, երբ նպատակներն ու ակնկալվող չափանիշները բավարար չեն», - ասաց Ժոզե Մանուել Բարոզուն:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նրան հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Պատասխանելով Ունիսոն ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի հարցին, թե ԵՄ-ՀՀ հարաբերությունների սերտացումը ինչ կտա հաշմանդամություն ունեցող հայաստանցիներին, Բարոզուն նշեց ԵՄ այն ծրագրերը, որոնք ուղղված են նրանց համար կրթությունը, տեղաշարժը մատչելի դարձնելուն:
Եվրոպական հանձնաժողովի նախագահին հարցրել են նաև ԵՄ կողմից երբեմն երկակի ստանդարտների կիրառման մասին, ինչին պաշտոնյան կատակով է պատասխանել, թե բոլոր հարաբորություններում էլ առևտուր կա: