ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Արցախում մեկնարկած ֆորումի մի խումբ մասնակիցների:
Իր խոսքում նախագահը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և նման մոտեցումը հիմնված է տնտեսական, գիտական ու քաղաքական բազմաթիվ գործոնների վրա:
Ըստ Բակո Սահակյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության համաշխարհայնացման և ինտեգրացիոն գործընթացների առանցքային բաղադրամասը, որի կարևորությունը ԼՂՀ համար դժվար է գերագնահատել:
Նախագահը շեշտել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն կտա երիտասարդներին զբաղվել բարձր ինտելեկտուալ ու լավ վարձատրվող աշխատանքով և, չհեռանալով հայրենիքից, շարունակաբար կատարելագործել մասնագիտական հմտությունները, ինչը լուրջ խթան կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և տնտեսության տարբեր ճյուղերի առաջընթացի համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս ուղղությամբ Արցախում իրականացվել է զգալի աշխատանք և Արցախի Հանրապետություն արդեն իսկ մուտք են գործել մի շարք հայտնի կազմակերպություններ:
Նախագահ Սահակյանը դրական է գնահատել նաև այն փաստը, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվորեն համագործակցում են առաջատար ընկերությունները, մասնավոր հատվածը և գիտակրթական հաստատությունները՝ հավելելով, որ մոտ ապագայում ոլորտի զարգացումը կսկսի ամենասկզբնական օղակից՝ դպրոցական երեխաներից:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: