3 դեկտեմբերի 2012 - 19:18 AMT
Մոտ օրերս կսկսվի Կոնգոյում զոհված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընթացը

Մոտակա օրերին տեղի կունենա Կոնգոյում զոհված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընթացը: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ЕК-76300 համարի տակ թռչող Իլ-76 բեռնատար օդանավը վթարվել էր նոյեմբերի 30-ի երեկոյան` Բրազզավիլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ փոթորկալից, քամու պայմաններում: Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ էր դարձել ամպրոպը, որը վնասել էր ինքնաթիռի թևը: Անձնակազմի 7 անդամներից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին:

Ինքնաթիռն ընկել էր օդանավակայանի հարևանությամբ գտնվող շինությունների վրա, մասերի բաժանվել և բռնկվել: Առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 20-ը` հոսպիտալացվել: Փրկարարներին խանգարել է մութը: Այնուամենայնիվ, նրանց հաջողվել էր մարել հրդեհը:

Օդանավի անձնակազմի հրամանատարը ՀՀ քաղաքացի Վարազդատ Բալասանյանն էր: Մյուս անդամներն էին Արա Թովմասյանը, Թադևոս Հովհաննեսյանը, Անդրանիկ Գևորգյանը և Էդգար Ավետյանը: