Թեև ԲՀԿ-ականներն ասել էին, որ դեկտեմբերի 1-5-ի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի նախագահի ընտրություններում իր դիրքորոշման մասին, այնուամենայնիվ, երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեկտեմբերի 4-6-ը կլինի Բրյուսելում: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: Ըստ թերթի՝ ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որևէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: Պարզապես ևս 2-3 օր կարող է հետաձգվել «չարաբաստիկ» որոշման մասին հայտարարությունը:
««Ժողովուրդ»-ի աղբյուների փոխանցմամբ՝ Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել և Սերժ Սարգսյանին, և Ռոբերտ Քոչարյանին, և Լևոն Տեր-Պետրոսյանին: Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ բոլորը լռում են, իսկ Ծառուկյանն էլ շարունակում է խաղալ: Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե խոսքը բավական լուրջ ու նշանակալից հանդիպումների մասին է: Սակայն «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք այդքան էլ լուրջ բնույթ չեն կրում, ինչպես որ ճոխ-ճոխ ներկայացված է հայտարարության մեջ, և որևէ էական ու կարևոր հարց այնտեղ չի քննարկվելու, ոչ էլ ԲՀԿ-ի համար շատ հարցերի պատասխան է տրվելու»,- գրում է թերթը: