31 մայիսի 2005 - 14:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Նորմ Քոլմանին եւ «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ուոթերզին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը բարձր է գնահատել սենատորի եւ Հայաստանի բարեկամ նրա մի շարք գործընկերների հայանպաստ գործունեությունը, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրանց շարունակական ջանքերը, որի վկայությունն է նաեւ պարոն Քոլմանի այցը մեր երկիր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական բանգավառում համագործակցության հարցեր, որի առնչությամբ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է մեր երկրի անկախացումից ի վեր ԱՄՆ կառավարության աջակցությամբ Հայաստանում հաջողությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերի կարեւորությունը, իբրեւ արդյունավետ փոխգործակցության վկայություն համարելով նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի ընգրկման փաստը: Նա նաեւ բարձր է գնահատել հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկացի այն օրենսդիրներին, որոնք շահագրգիռ հետեւողականությամբ ջանքեր են գործադրում Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ԼՂ հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորան գործում: Ա.Մարգարյանը հույս է հայտնել, որ համատեղ ուժերով` Հայաստանի բարեկամների աջակցությամբ, այս հարցերում հնարավոր կլինի հաջողության հասնել: Իր հերթին Նորմ Քոլմանը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ` տարածաշրջանային համագործակցության ծրագրերում Հայաստանի ոչ լիարժեք ներկայացվածության, Թուրքիայի շրջափակմանը հավելվող տրանսպորտային եւ էներգետիկ այն խնդիրերի շուրջ, որոնք կարող են լրացուցիչ դժվարություններ առաջացնել հայկական տնտեսության համար: Նորմ Քոլմանը նշել է, թե ԱՄՆ վերադառնալուն պես այդ խնդիրների շուրջ անպայման կխոսի ԱՄՆ նախագահի, պետքարտուղարի եւ իր գործընկերների հետ: