Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆֆը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի պետական և միջազգային օպերացիաների հարցերով ենթակոմիտեների նախագահներին և բարձրաստիճան անդամներին նամակ է հղել` կոչ անելով նվազեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
Նման կոչի պատճառը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարծ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն է:
« Ադրբեջանն իրականացրել է արդարության դեմ ամենասարսափելի հանցագործությունը` սառնասիրտ հանցագործին հերոս դարձնելով: Ակնհայտ է, որ այն միջոցները, որոնք մենք տրամադրում էինք Ադրբեջանին, օգտագործվել են շատ ավելի վատ նպատակներով, քան եթե այդ միջոցներն առհասարակ չօգտագործվեին: ԱՄՆ-ն չպետք է հանդուրժի Հայաստանի կամ Ղարաբաղի նկատմամբ բռնության գործողությունները, իսկ նախագահ Ալիևի նմանատիպ գործողությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջազգային ջանքերը»,- ասվում է Ադամ Շիֆֆի նամակում:
Ըստ նրա, Ալիևի կառավարության կողմից Սաֆարովի համար կազմակերպած ընդունելությունը օրենքի գերակայության նկատմամբ արհամարհանքի դրսևորում է: Իսկ օրենքի գերակայությունը դեպի Եվրոատլանտիկ հանրություն ձգտող յուրաքանչյուր պետության հիմնական սկզբունքն է:
«Ադրբեջանը պետք է բարձր գին վճարի իր գործողությունների համար: Բաքուն ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն է ստանում ոչ նրա համար, որ գումարի կարիք ունի, այլ նրա, որ դա հանդիսանում է երկու պետությունների մտերմության յուրահատուկ վկայություն:
Օգնության ծավալները կրճատելով` ԱՄՆ-ն Ադրբեջանին ցույց կտա Սաֆարովի գործի նկատմամբ իր վերաբերմունքը և կհիշեցնի Ալիևին, որ իր համար անընդունելի է Հայաստանի կամ Լեռնայի Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի որևէ դրսևորում»: