5 դեկտեմբերի 2012 - 15:57 AMT
«Սասնա ծռեր» էպոսը ճանաչվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն

«Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում:

Որոշումն ընդունվեց քիչ առաջ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, որտեղ այս պահին ընթանում է ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը:

Այս կապակցությամբ Հայաստանից Փարիզ են մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

2006 թ. մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2003 թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան: Վերոնշյալ կոնվենցիաով նախատեսվում է, որ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ, այդ թվում նաև ընդունեն անհրաժեշտ իրավական ակտեր: