«Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի առաջադրվել ՀՀ նախագահական ընտրություններում, այդ թվում Գագիկ Ծառուկյանը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով Հայաստանում նախընտրական զարգացումներին: ՀՀԿ պատգամավորն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին այլընտրանք չի տեսնում: «Քաղաքական ուժերը գիտակցում են, որ չունեն այնպիսի թեկնածու, որը կարող է հաղթել Սերժ Սարգսյանին»,- ասաց Մանվել Բադեյանը: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ յուրաքանչյուր ոք կարող է փորձել իր ուժերը ընտրություններում: Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է նախագահական ընտրություններից հետո կառավարության կազմի և վարչապետի փոփոխություն լինի՝ Բադեյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի իրավասությունների մեջ է մտնում փոխել կառավարության կազմը կամ չփոխել և ինքը չի ցանկանում զբաղվել գուշակություններով: