6 դեկտեմբերի 2012 - 19:14 AMT
Սիրիահայերը հետաքրքրվել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումներ ու գործունեություն ծավալելու ուղղությամբ

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունը հերթական հանդիպում-խորհրդակցությունն էր կազմակերպել սիրիահայ և հայաստանյան գործարարների, հասարակական ու պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սիրիահայ գործարարները հետաքրքրվել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումներ ու գործունեություն ծավալելու ուղղությամբ: Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ ոլորտն ունի կայացած ավանդույթներ և զարգացման հեռանկարներ: Ներկայումս ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունում զգալի տեղ է հատկացվում ոլորտի բարեփոխումներին ու հեռանկարներին: Պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բարեփոխվում է օրենսդրությունը, նոր միջազգային պայմանագրերի արդյունքում համագործակցության հնարավորություններ են ստեղծվում հայաստանյան արտադրողի և հեղինակավոր բրենդային ընկերությունների միջև:

Հանդիպմանը մասնակից գործարարները սիրիահայերին ներկայացրել են իրենց գործունեությունը, ունեցած ձեռքբերումները, ոլորտի առանձնահատկությունները: