3 հունիսի 2005 - 09:57 AMT
ԵՄ-Ը ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԸՆԴՈՒՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Գերմանիայի քրիստոնեասոցիալական միություն կուսակցության (CSU) նախագահ, Բավարիայի վարչապետ Էդմունդ Շտոյբերը հայտարարել է, որ աշնանը տեղի ունենալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում, Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության բանակցությունների ուղղությունը կփոխվի եւ անդամակցության փոխարեն այդ երկրին արտոնյալ գործընկերություն կառաջարկվի, տեղեկացնում է «Երկիր» թերթը` վկայակոչելով Գերմանական «Ցայթ» թերթը: Շտոյբերի խոսքերով` իր գլխավորած կուսակցությունն աջակցում է Թուրքիային Եվրամիությանն անդամակցության հեռանկարներում, սակայն, գտնում է, որ այդ երկիրը չի կարող դառնալ ԵՄ լիարժեք անդամը: Ինչպես նշել է Շտոյբերը, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Անգելա Մերկելի Գերմանիայի վարչապետ ընտրվելուց հետո Թուրքիայի նկատմամբ գերմանական նոր կառավարության քաղաքականությունը տարբեր կլինի Գերհարդ Շրյոդերի կառավարության վարած քաղաքականությունից: Իր հերթին, Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ Շտոյբերը հայտարարել է, թե ԵՄ-ը պատրաստ չէ ընդունել մեծաթիվ մահմեդական բնակչություն ունեցող երկրի` նշելով, որ միեւնույն ժամանակ իրենք դեմ չեն ԵՄ կազմում տեսնել Բուլղարիային եւ Ռումինիային: