3 հունիսի 2005 - 11:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ ԵՍԶՈՒՊ-Ի ՆՈՐՄԵՐԸ
Վրաստանից Հայաստան ռուսաստանյան սպառազինությունների տեղափոխումը չի գերազանցի Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով (ԵՍԶՈՒՊ) նախատեսված նորմերը: Ինչպես տեղեկացվում է ՌԴ ԱԳՆ կայք-էջում, այդ մասին հայտարարել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը ԵԱՀԿ մշտական խորհրդին նիստում: Անդրադառնալով Վրաստանի ռուսաստանյան ռազմակայաններից սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մի մասը Հայաստան տեղափոխելու առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ կողմից հայտնած մտահոգությանը` Բորոդավկինը նշել է, որ «այդ գործողությունները սպառնալիք չեն ներկայացնում հարեւան պետությունների համար»: «Հայաստանում տեղակայված սպառազինությունները եւ ռազմական տեխնիկան չեն գերազանցի ԵՍԶՈՒՊ-ի կողմից նախատեսված սահմանը: Այդ սպառազինություները եւ ռազմական տեխնիկան կշարունակեն մնալ ռուսական կողմի լիակատար եւ մշտական հսկողության տակ»,- ընդգծել է նա: Բորոդավկինը տեղեկացրել է նաեւ, որ «ՌԴ եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Սալոմե Զուրաբիշվիլին հանձնարարել են կողմերին ռազմական հարցերով բանակցություններում մոտակա ժամանակներն ստորագրման պատրաստեն Բաթումից եւ Ախալքալակից եւ Վրաստանի տարածքից ռուսաստանյան այլ ռազմակայանների դուրբերման ժամկետների, գործողությունների կարգի մասին համաձայնագիրը»: «Այդ աշխատանքն արդեն սկսվել է»,- ասել է Բորոդավկինը: Բացի այդ, նրա խոսքերով` համատեղ հայտարարությունում կողմերն արտահայտվել են այն աշխատանքների վերսկսման օգտին, որն իրականցնում է Գերմանիան ԵԱՀԿ-ում միջազգային առաքելության կազմակերպման ուղղությամբ` նպատակ ունենալով դիտարկել իրավիճակն այն տարածքում, որն օգտագործվել է նախկին ռուսաստանյան ռազմակայանի կողմից` Գուդաուտա: «Դիտվում է կողմերի երկուստեք հետաքրքրությունը ռուս-վրացական պետական սահմանի պայմանագրային իրավական շուտափույթ ձեւակերպման հարցում: Համապատասխան պատվիրակություններին հանձնարարվել է ակտիվացնել բանակցային գործընթացն այդ ուղղությամբ»,- ասել է Բորոդավկինը: ՌԴ եւ Վրաստանի ԱԳՆ համատեղ հակյտարարության համաձայն` ռուսաստանյան ռազմակայաններից ծանր տեխնիկայի դուրսբերումը կսկսվի արդեն 2005 թվականին, մինչեւ 2005 թվականի սեպտեմբերի 1-ը դուրս կբերվի 40 միավոր զրահատեխնիկա: Ախալքալակից ռուսաստանյան ռազմակայանների կազմացրումը եւ դուրսբերումը կավարտվի մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ը, հաշվի առնելով եղանակային պայմանները` 2007 թվականի տարեվերջից ոչ ուշ: Բաթումից ՌՌԿ, ինչպես նաեւ Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի վարչության վերջնական դուրսբերումը կիրականացվի 2008 թվականի ընթացքում: