10 դեկտեմբերի 2012 - 15:48 AMT
Կոոպերատիվների ստեղծումից հետո հայ ֆերմերները սկսել են 20-30 տոկոսով ավելի վաստակել

Բրիտանական Oxfam կազմակերպությանը 2 տարում հաջողվել է Հայաստանում ստեղծել կոոպերատիվներ հանրապետության 17 համայնքներում, ինչը թույլ է տվել 20-30 տոկոսով բարձրացնել յուրաքանչյուր ֆերմերի եկամուտը: Ինչպես հաղորդել է Oxfam-ի հայկական գրասենյակի կենսապահովման հարցերով ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը, դեկտեմբերի 12-ին Կոտայքի մարզում ԶԼՄ-ների համար սեմինարի ընթացքում, ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար (2010-2015թթ.), որի ընթացքում պլանավորվում է 40 համայնքներում ստեղծել կոոպերատիվներ Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերում 4000 հազար ֆերմերների համար: Կոոպերացիաների անդամների շարքում զգալի մաս են կազմում կանայք, ինչը նաև լուծում է գենդերային խնդիրը:

«Մենք փորձում ենք խթանել տեղի արտադրությունը, որպեսզի ֆերմերը մնա գյուղում, և ղեկավարվում ենք «Կաճեցնենք ավելի շատ` կկերակրենք մեր երկիրը» կարգախոսով»,- իր հերթին ասել է Oxfam-ի հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Համայնքներում գյուղատնտեսական և սոցիալական ձեռնարկատիրության զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպությունը կենտրոնացել է նաև սառնարանային տնտեսություններ ստեղծելու վրա, ինչը միասնական ապրանքանիշով հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտաքին շուկա դուրս գալու նախապայման է, որտեղ արդեն որոշակի փորձ կա: Ծրագրի շրջանակներում իրագործվում են ոչ ավանդական մշակաբույսերի օգտագործման և վերամշակող գործարանների ստեղծման հարցեր:

Ստեղծվել է նաև գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչների դաշինք, որը ջանքեր է ձեռարկում լուծելու համար կարևորագույն խնդիրներից մեկը` ապահովել կոոպերատիվները գյուղատնտեսական տեխնիկայով, կիրառելով ֆինանսավորման ավելի ճկուն մոդելներ:

Օքսֆամ բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը 1994 թվականից Հայաստանում իրականացնում է մարդասիրական և համայնքների զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանությունների հետ։ Օքսֆամի առաքելությունն է՝ աղքատության կրճատում եւ մարդկային տառապանքի վերացում։