11 դեկտեմբերի 2012 - 13:15 AMT
Քաղաքագետ. Եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ընդդիմադիր ուժերի մի մասը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ

Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի գալիք նախագահական ընտրություններում, ապա ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Հայաստանի ազգային անվտանգության խնդիրների շուրջ ուժերի միջև կա կոնսենսուս, և այդ հարցի առնչությամբ ես չեմ տեսնում էական տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներում»,- ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սպասում է ԲՀԿ որոշմանը: «Նա, ելնելով իր քաղաքական փորձից, չի ցանկանում արագացնել զարգացումների ընթացքը, և եթե Ծառուկյանն առաջադրվի, ապա կհամագործակցի: ՀԱԿ-ում կան տարբեր ուղղվածություններ, տարբեր թևեր, և Լ.Տեր-Պետրոսյանի ցանկացած որոշում հնարավոր է դառնա ՀԱԿ-ի կազմալուծման պատճառ»,- ասաց Սերգեյ Մինասյանը: