Դեկտեմբերի 14-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ներկայացնելու է համերգ նվիրված Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Համերգի մենակատարն է լինելու բրազիլահայ կիթառահար Ժոաո Կույումջյանը:
Ծրագրում ընդգրկված են Արամ Սաթյանի «Համլետ» սիմֆոնիկ պոեմը, Բերնսթայնի «Վեսթսայդյան պատմություն»-ից սիմֆոնիկ պարերը, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» սյուիտից երեք հատված: Սպասվում են նաև բազմաթիվ պրեմիերաներ` Անտոնիո Կարլոս Գոմեսի «Ձոն» և «Նոկտյուրն» ստեղծագործությունները, Վիլլա-Լոբոսի Կոնցերտ կիթառի և նվագախմբի համար (մենակատար Ժոաո Կույումջյան): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
Ժոաո Կույումջյանը Ջուլիարդի դպրոցի շրջանավարտ է, և համարվում է իր սերնդի լավագույն բրազիլացի կիթառահարներից մեկը: Նա հաղթել է Souza Lima-ի ազգային մրցույթում, ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Կենտրոնական Ամերիկայում: Կիթառահարը համերգ է ունեցել Նյու Յորքի հռչակավոր Քարնեգի հոլում, Քենեդի և Լինքոլն կենտրոններում: Մյուս տարի Կույումջյանը կթողարկի իր անդրանիկ ձայնասկավառակը: