9 հունիսի 2005 - 09:20 AMT
Վ.ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
Ես նորմալ չեմ համարում ղարաբաղյան խնդրի կարգավորման գծով բանակցությունների ներկայիս վիճակը հակամարտության խաղաղ լուծման տեսակետից: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, հաղորդում է Day.az-ը: «Եվ ահա թե ինչու, այդ հակամարտության կարգավորումը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի համար կենսական կարեւորություն ունի: Սակայն միթե՞ այդ շփումները, թեեւ բարձր մակարդակի, համապատասխանում են այդ նշանակությանը: Ես չեմ գտնում , որ համապատասխանում են»,-ընդգծել է նա: Նրա խոսքերով, երկու երկրների նախագահները, արտգործնախարարները հանդիպում են տարին հինգ-վեց անգամ, իսկ ինչ է դա փոխում: «Ինչպես ասվում է, «բեռը տեղից չի շարժվում»: Իհարկե, հարկավոր են ավելի ինտենսիվ, ավելի սերտ բանակցություններ: Ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը, ավելի ճիշտ, կանոնավոր բանակցությունների բացակայությունը, բոլորավին չի համապատասխանում ղարաբաղյան կարգավորման նշանակությանը եւ տարածաշրջանի ժողովրդների սպասումներին»,-նշել է դիվանագետը: