14 դեկտեմբերի 2012 - 13:27 AMT
Արաբագետ. 2013-ին Սիրիայի հակամարտությունը լուծում կստանա

Իրավիճակը լարված է մնում, ռազմական բախումները և միջազգային հարթակներում քննարկումները տարբեր ձևաչափերով շարունակվում են, ընդդիմադիր կոալիցիայի լեգիտիմությունն արդնեն ճանաչել է նաև ԱՄՆ-ն, կառույցի 30 հոգանոց հրամանատարության կազմում հիմնականում «Մահմեդական եղբայրների» համակիրներն են. արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց այս պահին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:

«Բաշար ալ Ասադը դեռ կարող է վերահսկողությունը պահպանել: Նա աջակիցներ ունի, բայց նրա ռեսուրսները կսպառվեն: Իսկ ընդդիմադիրների լեգիտիմությունը ճանաչվում է, նրանց ռազմական օգնության ծավալներն էլ կմեծանան: 2013-ին Սիրիայում հակամարտությունը լուծում կստանա` Ասադը կզիջի իշխանությունը», - ասաց արաբագետը:

Նրա խոսքով, Ռուսաստանն այս տարածաշրջանում արդեն զիջում է դիրքերը, բայց Սիրիան կորցնելուց հետո Իրանի հարցում կփորձի ամեն ինչ անել, որ նույնը չկրկնվի: Իսկ Իրանում, Ադրբեջանի վերջին օրերին ընդգծված հակառուսական քաղաքականության համատեքստում, ռազմական գործողությունների հավանականության մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին պատասխանելով, Սարգիս Գրիգորյանն ասաց. «Գաբալայից Ռուսաստանի հեռանալով ռազմական միջամտության հավանականություն ստեղծվում է, բայց Ադրբեջանն ու Թուրքիան էլ կփորձեն չմիջամտել` ճիշտ գնահատելով Իրանի հզորությունը»: