11 հունիսի 2005 - 08:36 AMT
ԼԻՏՎԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԻՐ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՓՈՐՁԸ ԿԻՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ընդգծելով Լիտվայի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը` Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը երկկողմ կապերի համար լրացուցիչ խթան կհանդիսանա: Արթուրաս Պաուլաուսկասը նշել է, որ այցի նպատակն է համարել տեղում իրավիճակին ծանոթանալը եւ խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Նա միաժամանակ ասել է, որ Բալթյան երկրները եվրաինտեգրման լուրջ փորձ են կուտակել, եւ իրենք մտադիր են այն կիսել հայ գործընկերների հետ: Ըստ Լիտվայի խորհրդարանի խոսնակի, Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում նկատելի են մեծ ծավալի բարեփոխումներ: Նշելով Լիտվայի զգալի հաջողություններն եվրաինտեգրման եւ անցումային շրջանի դժվարություններն առավել արդյունավետ հաղթահարելու գործում, Ռոբերտ Քոչարյանը Լիտվայի անցած ճանապարհը Հայաստանի համար օգտակար է համարել նաեւ նրանով, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ` կապված երկրների չափի, բնակչության թվաքանակի, տնտեսության կառուցվածքի հետ: Ըստ նախագահի, ինտեգրումն առաջին հերթին ենթադրում է բարեփոխումներ եւ հենց այդ գործընթացի հետ կապված հարցերը չափազանց հետաքրքիր են Հայաստանի համար: Զրուցակիցները խոսել են նաեւ տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների մասին` կարեւորելով ավելի ինտենսիվ շփումները, տեղեկատվության փոխանակումն ու գործարար կապերի ակտիվացումը: Հայաստանի նախագահը պատասխանել է լիտավցի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, շոշափվել են տարածաշրջանի խնդիրների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: