11 հունիսի 2005 - 12:27 AMT
Ա.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԲԱՆՏԻՑ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
Հասարակածային Գվինեայի բանտից հայ օդաչուների ազատումը մեր ընդհանուր հաղթանակն է: Այդ մասին այսօր Գվինեայի բանտից վեց հայ օդաչուների ազատմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շատ բան արեց օդաչուներին ազատելու համար: «Չեմ կարող ասել հեշտ էր դա արդյոք, սակայն նշեմ, որ դժվարություններ եղել են»,-հայտարարել է Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի կոչի շնորհիվ, ինքը Արա Աբրահամյանը կարողացավ օգտագործել իր միջազգային կապերը, որի արդյունքում Հասարակածային Գվինեայի իշխանություններին դիմեցին Հռոմի պապը, ՅՈՒՆԵՍԿօ-ի նախագահը, Ռուսաստանի արտգործնախարարը: «Կան մարդիկ, որոնք ցանկանում են օդաչուների ազատ արձակումը ներկայացնել որպես սոսկ իմ արժանիքը, սակայն դա ճիշտ չէ, չէ որ դրանով նրանք վնասում են ոչ միայն ինձ, այլ նաեւ ողջ հայ ժողովրդին: Ես դա արել եմ հայ ժողովրդի համախմբման համար»,-հայտարարել է Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, միայն այն դեպքում, «երբ սփյուռքն ու ՀՀ-ն կաշխատեն միասին, մենք կհասնենք հաջողության»: «Առաջին անգամ մենք ցույց տվեցինք սփյուռքին, որ կա պետություն, որն անտարբեր չէ իր քաղաքացիների ճակատագրի հանդեպ, անկախ նրանց գտնվելու վայրից»,-նշել է Արա Աբրահամյանը: «Համոզված եմ, որ մեր օդաչուները անմեղ են, թեեւ յուրաքանչյուր երկիր ունի իր օրենքները եւ մենք ուրախ ենք, որ նրանց ազատեցին, դա մեր ողջ ժողովրդի ուրախությունն է»,-հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ Արա Աբրահամյանը նշել է, որ իր վրա է վերցրել որոշ պարտավորություններ Հասարակածային Գվինեայի իշխանությունների առջեւ` նշելով, որ դրանք կուղղվեն երկրի սոցիալական եւ ֆինանսական խնդիրների լուծմանը: