14 դեկտեմբերի 2012 - 16:58 AMT
Հայփոստը վերաբացել է Օշականի և Բյուրականի փոստային բաժանմունքները

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Օշական և Բյուրական գյուղերի արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը, որին ներկա գտնվեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Օշականի և Բյուրականի գյուղապետերը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն իր խոսքում ընդգծեց գյուղերի և մայրաքաղաքի բնակիչների համար ծառայություններից օգտվելու հավասար պայմանների ստեղծման կարևորությունը:

Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Նորացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով` այսպիսով ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելով բնակիչներին:

Հեռահար առևտրի, ապահովագրության և այլ ծառայություններից բացի, հաճախորդները շուտով կկարողանան դրամական փոխանցումներ կատարել «Ֆորսաժ» համակարգի միջոցով` համաձայն Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև կնքված հուշագրի: Առաջիկայում նաև սպասվում է Հայփոստի արդիականացված բաժանմունքներում սպասարկման կետերի ստեղծում, որտեղ կաշխատեն Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ասվում է «ՀայՓոստ» ՓԲԸ, «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ. հաղորդագրության մեջ: