15 դեկտեմբերի 2012 - 13:35 AMT
Սերժ Սարգսյան. Մեր նպաստն ենք բերելու ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի կայացմանը և զարգացմանը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Այս մասին այսօր ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը վճռական է պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության և ոտնձգության, որը կսպառնա երկրի անվտանգությանը: «Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հայատյացությունը, ուժի և ուժի սպառնալիքի ամենօրյա կիրառումը, ավելի են մեծացվելու ԼՂ և նրա բնակչության անվտանգությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցությունները և երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներդրած ջանքերի համար: Իր նախընտրական ծրագրում գործող նախագահը խոստանում է լրացուցիչ ջանքեր գործադրել Արցախի և միջազգային հանրության շփումները սերտացնելու համար: «Համատեղ ջանքերով մեր նպաստն ենք բերելու ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի կայացմանը և զարգացմանը», ասաց Սերժ Սարգսյանը: