15 դեկտեմբերի 2012 - 14:29 AMT
Գերմանացի դիվանագետը Ղարաբաղի մասին. Տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները պետք է միասին կիրառվեն

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երկու սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականության ու ինքնորոշման: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Կվելլեն, հայտնում է «ԱզերԹաջը»: Ըստ նրա, այդ սկզբունքները պետք է միասնական կիրառում ունենան: Որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, Գերմանիան ակտիվորեն է մասնակցում բանակցություններին: Սակայն, ցավոք, այդ բանակցություններում ակնկալվող առաջընթացը չի արձանագրվել:

«Ես հասկանում եմ, որ աճում է հակամարտության կարգավորման ձգձգման հետ կապված անհամբերությունը: Սակայն, ակնհայտ է, որ պատերազմի վերսկսումը նոր տառապանքներ կբերի մարդկանց: Ուստի, ես լավատեսությամբ եմ վերաբերվում բանակցային գործընթացի շարունակությանը: Մենք, գերմանացիներս, 40 տարի սպասեցինք վերամիավորման: Այդ վերամիավորումը սկսվեց 70-ականներին Հելսինկյան գործընթացով և տեղի ունեցավ խաղաղ ճանապարհով տարածաշրջանային հասարակական հեղափոխության արդյունքում: Գերմանիայի հեռատես դաշնային կանցլեր Վիլլի Բրանդտը վճռորոշ դեր ունեցավ նոր Արևելյան քաղաքականության մշակման գործում: Անդրադառնալով Գերմանիայի պատմությանը՝ ուզում եմ ասել, որ հարկավոր է համբերատար լինել և միշտ լուծման նոր ուղիներ որոնել »,-ասել է Հերբերտ Կվելլեն: