Քաղաքական դաշտում նախընտրական անցուդարձը, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի, շատ պասիվ է: «Քաղաքական ուժերը մինչև վերջին պահը ձգձգում են և չեն ցանկանում հստակ դիրքորոշում հայտնել»,- այսօր ճեպազրույցում ասաց նա: Սուքիաս Ավետիսյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ ընտրություններում ֆավորիտը իրենց թեկնածուն է, և դա է պատճառը, որ մյուս ուժերը իրենց դիրքորոշումներում հստակություն դեռ չեն մտցնում: «Մենք հաղթանակի հասնելու համար որևէ խնդիր չունենք: Մեր միակ խնդիրն է, որպեսզի ընտրություններն անցնեն արդար, ազատ և թափանցիկ, որպեսզի ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժ չփորձի ասել, որ ընտրություններում թերություններ են եղել»,- նկատեց ՀՀԿ պատգամավորը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք չկա մտահոգություն, որ ընտրությունները մրցակցային չեն լինի, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ցավալի է, բայց ստացվում է, որ լուրջ մրցակիցներ գործող նախագահին ի հայտ չեն գալիս: Եթե ընտրություն է, ապա չի կարող լինել «նշանակովի»: Մրցակցություն լինելու է, բայց ի՞նչ աստիճանի՝ դա է խնդիրը»:
Ավելացնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ ՀՀԿ-ականները քվեարկությամբ միաձայն որոշեցին քալիք նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: