17 դեկտեմբերի 2012 - 00:34 AMT
Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը բացված է

Դեկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում բացվեց Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը: 16 տաղավարներում ներկայացված են Երևանի քաղաքապետարանը, «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի խանութը, «Պասկալ և Դիոդատո» սրճարանը, «Նինա Հովնանյան: Հայաստանի գանձեր» խանութ-սրահը, «Elita Sweet»-ը, «TeaCoff»-ը, «Հալեպ» խանութը, «Զատիկ» խմորեղենի արտադրական ձեռնարկությունը, «Բեկոն» մսամթերքի արտադրական ձեռնարկությունը, «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանը, «The Bakery»-ն, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Crumbs» հացի արտադրական ձեռնարկությունը:

Տաղավարներում վաճառվում են տոնական սեղանի ուտեստներ, քաղցրավենիք և խմիչք, ձեռքի աշխատանքներ, ամանորյա զարդարանքներ ու դեկորատիվ իրեր տան և տոնածառի համար, ինչպես նաև ամանորյա հուշանվերներ:

Տոնավաճառը բաց կլինի ամեն օր՝ ժամը 13:00-ից 22:00-ը, և կգործի մինչև հունվարի 13-ը: Այն կուղեկցվի ամանորյա երաժշտական փոքրիկ համարներով ու ելույթներով:

Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառն առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Երևանում, այլև տարածաշրջանում: Այն կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» սրճարանի կողմից: