18 հունիսի 2005 - 11:50 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՌԱՎԵԼ ԳՆԱՀԱՏԵԼԻ Է, ՔԱՆ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից ունի քաղաքական եւ էական առավել նշանակություն, քան այլ պետությունների կողմից: Այդ մասին, OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net-ի համատեղ օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՀՅԴ Հայ դատի ներկայացուցչության ղեկավար Կիրո Մանոյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի հարցին այն մասին, թե «ցեղասպանություն» բառի բացակայությունը Բունդեսթագի ընդունած բանաձեւում` այսինքն ցեղասպանության մասնակի ճանաչումը օրինակ չի ծառայի արդյոք այլ երկրների խորհրդարանների համար` Մանոյանը նշել է, որ չէր անվանի դա մասնակի ճանաչում, քանի որ «ցեղասպանություն» բառը կա բանաձեւի նախաբանում: «Բանաձեւի տեքստում ասվում է «պլանավորված ոչնչացման» մասին, որը «ցեղասպանության» բառի մեկնաբանումն է: Դրանով գերմանացիները ցանկացել են ավելի զգայուն լինել Թուրքիայի դիրքորոշման հանդեպ, ինչը փաստորեն այդպես չի ընկալվել Թուրքիայի կողմից»,-նշել է նա: «Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կողմից, որը Օսմանյան կայսրության դաշնակիցն էր Առաջաին Համաշխարհային պատերազմի ժամանակ, վկայում է անհերքելի փաստի մասին: Վատ չէր լինի, եթե մյուս երկրները եւս հետեւեին Գերմանիայի օրինակին եւ նրա պես մի կողմից ճանաչեին մեղքի իրենց բաժինը, մոյւս կողմից` կոչ անեին Թուրքիային ճանաչել սեփական պատմությունը: Պետք չէ թերագնահատել Գերմանիայի այդ դիրքրոշումը»,-ընդգծել է Մանոյանը: