24 դեկտեմբերի 2012 - 13:32 AMT
Միշել Պլատինի. ՈւԵՖԱ-ն կարողացավ զերծ պահել եվրոպական ֆուտբոլը ֆինանսական ճգնաժամից

ՈւԵՖԱ-ն կարողացել է թույլ չտալ եվրոպական ֆուտբոլին իր վրա զգալ ֆինանսական ճգնաժամը, որից տառապում են Հին աշխարհի որոշ երկրներ, հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

2012-ին Ուկրաինան և Լեհաստանն ընդունել են ՈւԵՖԱ-ի գլխավոր մրցաշարը` Եվրոպայի առաջնությունը: «Ֆուտբոլային ասոցիացիաները, ակումբները և խաղացողները սովորել են համաձայնեցնել իրենց խնդիրները հասարակական շահերի հետ: Երկրպագուների հետ երկխոսությունը մտել է դրական հուն: Մենք նաև բարդ հանգամանքներում պաշտպանել ենք ֆուտբոլը ճգնաժամից, որը համակել է ողջ Եվրոպան»,- նշել է Պլատինին:

Նրա խոսքով, անցնող տարին աչքի ընկնող է եղել ՈւԵՖԱ-ի գործունեության տեսանկյունից: «Մենք համոզված ենք, որ կատարել ենք մեր վրա դրված պարտականությունները և դիմակայել մարտահրավերներին, որոնք հանդիպել են մեր ճանապարհին: Համատեղ ջանքերի շնորհիվ մեծ եվրոպական ընտանիքը հանգիստ նայում է ապագային, անցյալի տարաձայնությունները տեղը զիջել են հանգիստ երկխոսությանը և խաղաղ փոխզիջմանը»,- ասել է նա:

Նա նշել է, որ ՈւԵՖԱ-ն կարող է հպարտանալ համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք բերված արդյունքներով. «Ինչպես գիտենք, ամեն ինչ պայծառ չէ «ֆուտբոլ» անունով մոլորակի վրա, բայց ես համոզված եմ, որ մենք միասին նախկինի նման կդիմակայենք փորձություններին, որոնք սպառնում են աշխարհի ամենահիանալի խաղին»:

ՈւԵՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ Ամանորից առաջ նախանշանները կարելի է հիանալի համարել: