24 դեկտեմբերի 2012 - 16:16 AMT
Փետրվարի 14-17-ը հայ ազատ ոճի ըմբիշներն Ուկրաինայում մասնակցելու են միջազգային մրցաշարի

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 2013 թվականի առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնելու է հունվարի 12-26-ը Ծաղկաձորում: Յուրաքանչյուր քաշային կարգում հրավիրվելու են երկուական ըմբիշներ, որոնք Հայաստանի 2012 թվականի առաջնությունում զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղերը:

Փետրվարի 14-17-ը Ուկրաինայում նրանք մասնակցելու են միջազգային մրցաշարի: «Ուկրաինայում իրենց լավագույնս դրսևորած մարզիկներն էլ կընդգրկվեն հավաքականում և կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Բոլորի հնարավորություններն էլ հավասար են, ամեն ինչ հենց ըմբիշներից է կախված»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Եվրոպայի առաջնությունը կայանալու է մարտի 19-24-ը Թբիլիսիում:

Մարզչի խոսքով, 2012 թվականն այդքան էլ հաջող չէր հայ ազատ ոճայինների համար: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում միայն Դավիթ Սաֆարյանին (66 կգ) է հաջողվել բրոնզե մեդալ նվաճել, նա շատ մոտ էր մեդալ նվաճելուն նաև Օլիմպիական խաղերում: Փոխարենը հաջող են ելույթ ունեցել պատանեկան և երիտասարդական հավաքականները: