24 հունիսի 2005 - 11:30 AMT
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ ԿԱՌՈՒՑԵԼ
Արեւմտյան փորձագետները նպատակահարմար են համարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցել մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջմունքը բավարարելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկայի նախարարության ատոմային էներգետիկայի վարչության պետ Արամ Գեւորգյանը: Նրա խոսքերով` այդպիսի եզրակացություններ են արել «Փի Էյ Կոնսալտինգ գրուպ» միջազգային ընկերության մասնագետները, որոնք ՀՀ Էներգետիկայի նախարարությանը ներկայացրել են երկրի էներգետիկայի զարգացման զեկույցի` ատոմային էլեկտրակայանին վերաբերող մասը: Նոր էներգաբլոկի շինարարությունը շահավետ է այնպիսի էներգապաշարների թանկացման կանխատեսման հաշվառմամբ, ինչպես նավթն ու գազը, նշել է Ա.Գեւորգյանը: Ընդսմին նա ավելացրել է, որ բլոկի արժեքը գնահատվում է մեկ միլիարդ դոլար, ինչը այդ նախագիծը շատ թանկ է դարձնում Հայաստանի բյուջեի համար, տեղեկացնում է «Երկիր» թերթը: