Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2012թ իր թիմի համար հաջող էր:
«Իհարկե, եթե Օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճեինք, ապա հաջողությունն ավելի վառ և ակնհայտ կլիներ: Սակայն արծաթն ու բրոնզն էլ, կարծում եմ, վատ արդյունք չէ: Մեր հավաքականը մեդալներ է նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում և միջազգային այլ մրցաշարերում, և ես գոհ եմ»,-ասել է Ջուլֆալակյանը:
Մարզչի խոսքով, 2013-ին գլխավոր թիմի հետ կսկսեն մարզվել նաև երիտասարդ ըմբիշները, որոնք կպայքարեն հավաքականում տեղ ունենալու համար. «Արդեն սկսվում է նոր Օլիմպիական ցիկլը և պետք է նախապատրաստվենք Օլիմպիադա-2016-ին»: 2013թ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը իր առաջին հավաքը կանցկացնի Երևանում հունվարի 13-26, ապա կմասնակցի Դանիայում և Իրանում կայանալիք միջազգային մրցաշարերին:
«Փետրվարին կմասնակցենք Աշխարհի գավաթի խաղարկությանը, ապա կուղևորվենք Թբիլիսի, որտեղ կանցկացվի Եվրոպայի առաջնություն»,-հավելել է Ջուլֆալակյանը: