25 դեկտեմբերի 2012 - 13:20 AMT
Հակամենաշնորհային մարմինը նախազգուշացրել է խոշոր տնտեսվարողներին, որ Ամանորի շրջանում գները չբարձրացնեն

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հատուկ հսկողություն է սահմանել մի շարք ապրանքային շուկաների վրա: Այդ մասին դեկտեմբերի 25-ին Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի հակամենաշնորհային մարմնի ղեկավար Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով, խոսքը հիմնականում գնում է ապրանքների մասին, որոնք սոցիալական նշանակություն ունեն, որտեղ կան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ: «Հանձնաժողովը հետևում է այդ տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականությանը»,- ասել է նա:

Այդ առումով Շաբոյանը հավելել է, որ բոլոր խոշոր տնտեսվարող սուբյեկտները նախազգուշացվել են այն մասին, որպեսզի հետևեն մրցակցային օրենսդրությանը և թույլ չտան գների անհիմն բարձրացում: