ՀՅԴ-ն երբեք ուրիշի խաղը չի խաղում և ուրիշի գծած սցենարով չի շարժվում: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսպես է մեկնաբանում գալիք նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու ՀՅԴ որոշումը:
«Նախ խնդիրը Հայաստանում ձևավորված ընտրություների բնույթն է. դրանք ստվերային են: Մարդիկ ընտրության օրը ընտրատեղամասեր են գնում, իսկ ընտրության ելքն արդեն որոշված է: Մենք, ցավոք, չկարողացանք փոխել այս իրավիճակը և չէինք կարող մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աղվան Վարդանյանը: Ընտրություններին չմասնակցելու գլխավոր պատճառն էր նաև այն, որ այդպես էլ չձևավորվեց ընդդիմության միասնական թեկնածու: Ըստ Աղվան Վարդանյանի՝ «Դաշնակցություն»-ը չբոյկոտեց այս ընտրությունները, քանի որ դա կարող էր վարկաբեկել ընտրությունների ինստիտուտը, իսկ երկրում իշխանափոխության հասնելու միակ օրինական ճանապարհը ընտրություններն են: Բացի այդ, բոյկոտը իմաստ կունենար, եթե դա աներ ամբողջ ընդդիմադիր դաշտը: