27 դեկտեմբերի 2012 - 16:54 AMT
ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրի և որևէ մեկին չի սատարի

Հայ ազգային կոնգրեսը անիմաստ է համարում ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը: Ըստ Կոնգրեսի տարածած հաղորդագրության՝ մասնակցությունը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը:

Հաղորդագրության մեջ ասված է. «Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները և արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետևողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որևէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը և միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երևանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաև այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները:

Հինգ տարվա ընթացքում կատարելագործվել է ընտրակեղծարարության մեքենան: Երկրում ստեղծվել է պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման և բազմակի քվեարկության հանցագործ մի համակարգ, որին աջակցում են պետական կառավարման և իրավապահ բոլոր մարմինները, ինչպես նաև իշխող կուսակցությունը: Ընտրությունների կեղծման գլխավոր գործիքն է ըտնրողների ցուցակը, որն ուռճացված է մոտ 700000 ընտրողների ձայներով: Իշխանությունը տապալեց Ազգային Ժողովում ներկայացված Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Ժառանգություն կուսակցությունների միացյալ ջանքերը` արմատապես փոխելու ընտրական համակարգը երկրում և ապահովելու օրինական, թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ` հաշվի չառնելով նաև միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության պահանջները: Ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որևէ հնարավորություն»: