29 դեկտեմբերի 2012 - 14:38 AMT
Ամանորյա սեղանը հայ ընտանիքների համար միջինը կարժենա շուրջ 420 դոլար

Մինչև Ամանորը մնացել են հաշված օրեր, իսկ նախատոնական եռուզեռն ավելի է թեժանում: Նույնիսկ տրանսպորտում տնային տնտեսուհիների խոսակցությունները Նոր տարվա մասին են: Իսկ ինչպիսի՞ն կլինի այս Նոր տարին, կբերի արդյոք նոր ձեռքբերումներ և հաջողություններ, թե կլինի անհաջողություններով լի: Բոլոր մարդիկ հավատում են, որ լավ կլինի և հավատում են այն ասացվածքին, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես այն:

Եթե դուք դեռ չեք հասցրել անհրաժեշտ գնումները կատարել Ամանորի շեմին, ապա խորհուրդ ենք տալիս շտապել, քանի որ գները շուկայում աճում են ժամ առ ժամ

Սկսենք ամանորյա սեղանի գնումներից: Ընթացիկ տարում Հայաստանի գյուղատնտեսության համար տարին բարենպաստ էր և գների կտրուկ աճ չարձանագրվեց, չնայած, որ դեկտեմբերին բանջարեղենի և մրգերի սեզոնային աճ գրանցվեց:

Լավ խնձորները կարելի է ձեռք բերել 1 կգ 350-500 դրամով, նարինջը՝ 650-800 դրամով, հավանաբար բավականին շատ են ներմուծել, մանդարինը՝ 500-700 դրամով, խաղողը՝ 1000 դրամով, տանձը՝ 800-1000 դրամով, բանանը կարելի է գնել 900-1000 դրամով, կիվին՝ 1 հատը 150 դրամ, կիտրոնի 1 հատի արժեքը՝ 200-250 դրամ: Եվ այս ամենը մոտավորապես կարժենա 20 000 դրամ, եթե, իհարկե, գնել երկուական կգ, իսկ կիվին ու լիմոնը հատով: Միաժամանակ պետք է նշել, որ բանջարեղենի գները գրեթե չեն փոխվել՝ կարտոֆիլի գինը 250 դրամ է, գազարը, բազուկը՝ 300 դրամ: Ռեկորդային են վերջին օրերին լոլիկի և վարունգի գները՝ հասնելով 2000-ի: Հետ չի մնում նաև կանաչին, որի մեկ կապի գինը սովորականից 5 անգամ թանկ է՝ 500 դրամ: Միջինը այդ ծախսերը կարող են կազմել 8 000 դրամ:

Դե իսկ սիրած չրերին և ընդեղենին ավելի լավ է «չմոտենալ»: Կամ պետք է գնել սահմանափակ քանակությամբ՝ «բա ո՞նց կլինի առանց չարազի»: 1 կգ ընկույզն արժե 7000 դրամ, պնդուկը` 500 գրամի համար 2000 դրամ, պիստակը՝ 1 կգ 1000 դրամ, իսկ ահա 1 կգ հնդկական ընկույզի արժեքը 6000 դրամ է, ուստի նույնպես գնում ենք 0,5 կգ՝ 3000 դրամ, արդյունքում ստացվեց 13 000 դրամ:

Հիմա անդրադառնանք չրերի գներին. 1 կգ չամիչն արժե 1500 դրամ, սալորաչիրը՝ 3000 դրամ, ծիրանաչիրը՝ 3500 դրամ, արմավը՝ 250 գ համար 700 դրամ, 1 կգ քաղցր սուջուխն արժե 2800 դրամ, այս ամենը միասին վերցրած՝ 15 000 դրամ:

Երեխաների համար ամանորյա սեղանին անպայման պետք է լինեն կոնֆետներ ու թխվածքներ: Այս տարի կոնֆետների գներն աճել են և 2 կգ շոկոլադը կարժենա առնվազն 6000 դրամ, թխվածքը՝ մոտ 10 000: Ինչպես ցույց տվեցին հաշվարկները, ընտանեկան բյուջեից ամենալուրջ ծախսերը հատկացվում են մսամթերքին. Ամանորյա սեղանի անբաժանելի մասը՝ խոզի բուդը (5-6 կգ) կարժենա մոտ 16 հազար դրամ: Որոշ ընտանիքներ, ճիշտ է, նախընտրում են հնդկահավ, որի միջին արժեքը 5-6 կգ համար կազմում է 10 000 դրամ: Ինչպես խոստացել է գյուղնախարարությունը, միսն ու հավկիթն այս տարի շատ են և դրանց գները տոնական օրերին զգալիորեն չեն բարձրանա: Տավարի մսի գինը 2 400 է 1 կգ համար, իսկ փափուկ միսն արժե մոտ 3600 դրամ: Չեն ուրախացնում նախուտեստի գները. բաստուրմա՝ 1 կգ համար 6000-8000 դրամ, սուջուխ՝ 4500 դրամ, երշիկն ու պանիրը միջինը 10 000 դրամ կպահանջեն: Ավանդական տոլմայի համար անհրաժեշտ է 6000 դրամ, մսով նրբաբլիթների՝ 5000 դրամ, 1կգ իշխանը՝ 2000 դրամ է: Երկու ամենատարածված աղցանները՝ «Մայրաքաղաքային» և «Հավով», կարժենան համապատասխանաբար 1,6 հազար դրամ և 3 հազար դրամ:

Ոչ պակաս գումար կխլեն նաև խմիչքները, միաժամանակ հայկական արտադրության հյութերը սկսել են շուկայից «դուրս մղել» արտասահմանյան արտադրության ապրանքները: Այսպես, օղին՝ 2000-3000 դրամ, շամպայնը՝ 1500 դրամ, գինին՝ 2000 դրամ, կոնյակը՝ 4 հազար դրամ: Ոչ ոգելից խմիչքները համեմատաբար էժան են՝ շուրջ 2400 դրամ: Այսպիսով, PanARMENIAN.Net ի կողմից իրականացված հաշվարկներով հայ ընտանիքները տոնական սեղանի համար գնում են 170 000 դրամ կամ 420 դոլար արժողությամբ մթերքներ: Այս հաշվարկների մեջ չեն մտնում նվերների և տոնական զարդարանքների համար ծախսերը:

Ամանորյա նման իրարանցումից հետո Հայաստանի պարենամթերքի շուկայում և ընտանեկան բյուջեում կտիրի զգալի անկում: Շնորհավոր Ամանոր:

Վիկտորյա Արարատյան / PanARMENIAN News